Երիտասարդությունը սկսվում է #mediacamp-ից:
Հուլիսի 15-17-ը Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող ՏՈւԿ վրանային ճամբարում տեղի ունեցավ #mediaCamp19-ը ճամբարը` լոռեցի երիտասարդների մասնակցությամբ։
Ճամբարի նպատակն էր՝ բարձրացնել մասնակից երիտասարդների մեդիագրագիտության մակարդակը և նպաստել նրանց քաղաքացիական ակտիվության խթանմանը։
Ճամբարի ընթացքում կազմակերպվել են դասընթացներ «Ինչպես պատրաստել քաղլրագրողական հոդված», «Ինչպես ստեղծել ճիշտ լուսանկար և տեսանյութ», «Ինչպես վիզուալեցնել նյութերը» թեմաներով։

Ողջ ընթացքը զուգորդված էր գործնական աշխատանքներով և հիմնված էր քննադատողական մտածողության գաղափարի վրա։

Մասնակիցները կատարեցին մեդիատուր դեպի մոտակա համայնքներ՝ Ձորագյուղ, Թումանյան, Դսեղ: Նրանք տեղեկություն ստացան գյուղացիների կյանքի, առօրյայի ու զբաղմունքների մասին:
Ճամբարի վերջին օրն իրականացավ Մուլտիմեդիա դասընթաց «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ » կենտրոնում, որի արդյունքում ճամբարականները ստեղծեցին իրենց մուլտիմեդիա դաշտը համացանցում, նախորդ օրվա համայնքներում կատարած աշխատանքների ամփոփումը տեղադրեցին իրենց խմբային բլոգում:
Արփինե Հակոբյան՝ ՀԿ կենտրոնի նախագահ:
- ՏՈՒԿ-ը հիմնադրվել է որպես ՀԿ կենտրոնի սոցիալական ձեռնարկություն այն պահից, երբ Հայաստանի օրենսդրությամբ ՀԿ-ները իրավունք ստացան ուղղակի ձեռնակատիրությամբ զբաղվելու և հոգալու իրենց առաքելության համապատասխան գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ֆոնդերի գոնե մի մասը:

ՏՈՒԿ-ը փորձություն էր և' մեր թիմի համար, և' այն ամբողջ համայնքի համար (ՀԿ, մասնավոր հատված, դոնորներ), ովքեր կարծում են որ, ՀԿ-ականն այլ մտածողություն ունի, որը նրան չի թողնում բիզնես անել: Սա կարծրատիպ էր, որը մենք այսօր կոտրեցինք: Ես միշտ հավատում էի, որ այն թիմը, որ կարողանում է երրորդ հատվածում գործել, ստեղծել և առաջընթաց ապահովել, անվերապահորեն կարող է ցանկացած ոլորտում լինել առաջատարը:

Ին՞չ է ՏՈՒԿ-ը մեր համար: Մի միջավայր, որը հնարավորություն է տալիս մարդկանց ուրախ պահեր պարգևելու և հիշողություն ստեղծելու: Հիշողություն, որը մեզ համար թանկ է: Այն հնարավորություն է և' կրթական գործընթացը շարունակելու, և' ժամանց կազմակերպելու, և' համայնքային զարգացման մոդել կերտելու համար:

Վստահորեն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր համայնքում այսպիսի մի «երևույթի» առկայությունը կփոխեր մեր համայնքների կյանքը դեպի լավը: Ամբողջ համայնքը ապրում է ՏՈՒԿ-ի միջոցառումներով. այստեղ հաճախում են գյուղի երիտասարդները, գյուղացիներն են աշխատում, ամբողջ սնունդը ձեռք է բերվում գյուղից և այս գործընթացում գյուղացիները դառնում են ձեռներեցներ և սկսում առավել արդյունավետ կառավարել առկա ռեսուրսները:

Անցած տարի հուլիսի վերջից սկսեցինք աշխատել և կարողացանք մեկ ամսում 150 մասնակից ապահովել: Այս տարի հունիսի սկզբից ենք մեկնարկել և դեռ սեզոնի կեսն է, իսկ մենք արդեն ունեցել ենք 607 հաճախորդ: Օգոստոսին արդեն ունենք պլանավորված ևս 350 ը: Իսկ սա նշանակում է այդքան մարդ գալիս է գյուղ, այդքան մարդու համար ծախս է արվում գյուղում …

Մենք փոփոխություն առաջացնող ենք, մենք տնտեսական զարգացում ապահովող ենք, մենք կարծրատիպեր կոտրող ենք և մենք ՏՈՒԿ-ն ենք:

Վահե Խաչիկյան՝ Վանաձոր Ինֆոտան ծրագրի համակարգող
- ՀԿ կենտրոնը 2011 թվականից իրականացնում է Վանաձորի Ինֆոտուն ծրագիրը: Ծրագրի նպատակը երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացումն ու խթանումն է: Ծրագրի այս փուլում, որը համարում ենք ամփոփման փուլ, ստանդարտ դասընթացների փոխարեն որոշեցինք ավելի համակարգված կրթական ծրագրեր կազմակերպել: Հենց այդ ժամանակ էլ առաջացավ #mediacamp19-ի գաղափարը. իրականացնել մի ճամբար, հավաքել մարդկանց, որոնք հետաքրքրված են մեդիայով, մեդիագրագիտությամբ և իրենց վերազինել տարբեր գիտելիքներով ու հմտություններով:
Ճամբարի նպատակը համընկնում է Վանաձոր Ինֆոտան նպատակին. այսինքն՝ մասնակիցների մեդիագրագիտության բարձրացումն ու իրենց քաղաքացիական ակտիվության խթանումը:
#mediacamp19-ի կազմակերպմանը շատ ժամանակ չենք տրամադրել, որովհետև ինքը իրականցվում է Վանաձոր Ինֆոտուն ծրագրի շրջանակներում, որը մեծ գործընթաց է և իր մեջ ներառում է տարբեր բաղադրիչներ: Մեդիա ճամբարը Ինֆոտան ծրագրերից մեկն է, որի և՛ բովանդակային, և՛ տեխնիկական հատվածներին տրամադրել ենք մոտ 2-3 ամիս: Ամենահետաքրքիրն այն էր, որ հավաքված էին տարբեր համայնքներից, տարբեր հետաքրքրասիրություններ ունեցող երիտասարդներ, որոնց մտքի, փորձի փոխանակումը ճամբարը դարձրեց ավելի ինքնատիպ:
Հերմինե Գասպարյան՝ ՀԿ կենտրոնի նախկինում ծրագրերի պատասխանատու, իսկ այժմ ՀԿ-ում դասընթացավար

- Ես ՀԿ Կենտրոնի անդամ և նախկին աշխատակից եմ, մասնակցել եմ ՏՈՒԿ-ի ստեղծման քննարկումներին, անունի որոշմանն ու առաջին ճամբարի փորձարկմանը: Կարելի է ասել, որ ՏՈՒԿ ճամբարի հետ համագործակցում եմ ստեղծման օրվանից։ Միշտ առանձնակի սիրով եմ ընդունում ՀԿ Կենտրոնի հրավերները՝ որևէ թեմայով դասընթաց վարելու։ Լավ ճանաչելով կազմակերպությանը, վստահ եմ, որ կարևոր գործ է արվում և դրա մասը կազմելը հաճելի ու պարտավորեցնող է։ ՏՈՒԿ-ում միշտ կարելի է հանդիպել հետաքրքիր և տարբերվող մարդկանց, որոնց հետ աշխատելը, այն էլ այդ մաքուր ու գեղեցիկ միջավայրում, անչափ հաճելի և ոգևորող է։ Ես ոչ միայն սովորեցնում եմ, այլ նաև սովորում։
ՏՈՒԿ-ում համադրվում են տեսական ու գործնական գիտելիքները, արվեստն ու սպորտը, ուսումնառությունն ու ժամանցը, ակտիվ ու պասիվ հանգիստը։ ՏՈՒԿ-ի ճամբարները տարբերվում են իրենց կազմակերպվածությամբ, բովանդակությամբ, դրական էներգետիկայով և ինքնատիպ միջավայրով։ Կարծում եմ ցանկացած անձ կարող է իրենը գտնել ՏՈՒԿ-ում։
Աննա Զուրաբյան (մասնակից)
Կարծիք մասնակիցներից.

- Այստեղ կյանքն ուրիշ է, դու՝ ուրիշ: Օրվա վերջում հասկանում ես, որ լիքը դրական էներգիա ես ստացել ու այնքան բան ես սովորել, որ դեռ երկար ժամանակ է պետք այդ ամենը վերլուծելու ու հասկանալու համար: Շրջապատն այնքան լավն էր, որ հետագայում ընկերների հետ կապը չես կարող դադարեցնել: Ամեն մեկը յուրահատուկ էր իր տեսակի մեջ ու այնքան խորիմաստ, որ յուրաքանչյուրից լիքը բան սովորեցինք:
Ինչը վերաբերում է կազմակերպիչներին, նրանք օգնում ու քայլ առ քայլ առաջ են տանում ՝ ուրվագծելով կյանքի ուրույն ճանապարհ:
Հողի թացությունը մեջդ զգալով երբ արթնանում ես, մի պահ անսովոր է, բայց առաջին անգամ խոնավության զգացումից չես տրտնջում, որովհետև այն նման է քեզնից քիչ այն կողմ գտնվող խոտի վրայի վաղորդյան ցողին, որն այնքա՜ն գեղեցիկ է:

Համոզված եմ, որ կլինի #mediacamp20 եւ ուզում եմ Վանաձորի ու Լոռու մյուս համայնքների երիտասարդները շատ ակտիվ լինեն, որովհետև սա հրաշալի հնարավորություն է տալիս ճանաչել մարզի մյուս համայնքների քո հասակակիցների մտածողությունը, խնդիրներն ու պատկերացումները: Թիմային աշխատանքի լավագույն փորձառությունն ունեցա ՏՈՒԿ-ում:
Մադլեն Մինասյան (մասնակից)
- Ճամբարն ինձ տվեց բազմաթիվ գիտելիքներ և հմտություններ կապված մեդիաոլորտի հետ: Մեծ հիշողությունների պարկ ձեռք բերեցի, որոնք ընկերներս են: Ճամբարից հետո իմ ներսում ավելացավ մոտիվացիան, շատ բան ստացա թե՛ սեմինարավարներից, թե՛ ընկերներիցս:
Արտյոմ Օհանյան (մասնակից)
- Ձեռք բերեցի անմոռանալի երեք օրեր: Ես նույնպես նկարները տեսնելով արդեն իսկ ոգևորվել էի և մասնակցելու ցանկությունս մեծ էր: Ճամբարից հետո սկսեցի ավելի ակտիվ և նախաձեռնող լինել,- ասում է Արտյոմը:
Մերի Քեհյան (մասնակից)
- Բացի նրանից, որ լիքը բան սովորեցի, ես այստեղ հանդիպեցի հրաշք մարդկանց ու իրենց հետ այս երեք օրն արկածային ու հավես անցավ, կարելի է ասել կտրվեցի աշխարհից. վրանային ճամբար, խարույկի մոտ հավաքվել, տարբեր թեմաներով զրուցել, հումորներ անել...
Չեմ կարծում մարդկանց ոգևորելով պիտի դրդես նրանց մասնակցել ճամբարին, իրենք իրենց ներսից պիտի ունենան էդ հավես զգացողությունն ու ձգտումն ամեն տեղ լինելու ու ամեն ինչով զբաղվելու:
Ճամբարում ամենակարևորը վիդեոդասեր սովորելու գործընթացն էր: Երբ սովորեցի ճիշտ նկարել՝ հասկացա, որ ամեն նկար պիտի ունենա իր պատմությունը:
Օֆելյա Սարգսյան (մասնակից)
- Ճամբարը ինձ տվեց լիքը ընկերներ, խելացի ու հավես մարդկանց հետ շփվելու հնարավորություն, լիքը գիտելիքներ, սուբյեկտիվ կարծիքս արտահայտելու հնարավորություն, դիմակայելու տարբեր փորձությունների. մեկը հենց վրանում գիշերելը, որը շատ քչերն են կարողանում հաղթահարել:
Իսկ ինչ վերաբերում է թեմաներին, իսկապես հրաշալի էին ընտրված, քանի որ տրված թեմաները շատ արդի են մեր հասարակության համար: Բոլորին խորհուրդ կտամ մասնակցել #mediacamp-ին, քանի որ կտրվում ես առօրյայից ու ժամանակդ անցնում է հավես ու պոզիտիվ: Ճամբարը շատ ուսուցողական էր, խաղերն էլ իրենց հերթին էին կարևոր, որոնք դարձրեցին մեզ ավելի պոզիտիվ ու համարձակ,- ասում է Օֆելյան:
Նյութը պատրաստեց #mediacamp19-ի մասնակից Աննա Զուրաբյանը:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website