Երջանկությունը, նրա հետ մի պտղունց սեր ու մի պատառ հաց կիսելն էր։
- Էս պապիկը ու՞ր ա տատ։
- Հողամասում, էլ ու՞ր։

Պապիկս վերջին օրն էլ գնաց հողամաս, սիրեց բնությունը, զգաց իրեն երջանկություն պարգևող ամեն մի մանրուք և իր չափաբաժին բարությունը թողեց իր ստեղծածին...

Նա խաղաղ էր, ու հենց այդ խաղաղությունն էր մեզ իր կողքին պահում, լուռ էր, բայց այդ լռության մեջ հավերժ հասկանալու ու նվիրվելու ձայն կար։ Պապիկս լավ չէր լսում և դրա համար մայրս ու տատիկս հաճախ ասում էին, որ ես իր թարգմանիչն եմ և միակ մարդը, որի շրթունքներից արտահայտածը որոշ չափով պարզ էր՝ ես էի։ Ավելի ուշ ոգեշնչվեցի և սկսեցի ուսումնասիրել խուլ ու համրերի լեզուն. գուցե դեռ կարողանա՞մ օգնել մարդկանց հաղորդակցվել և ժպտալ այսպես։


Ամեն օրս դարձավ հիշողություն, փոխանցվեց մի գդալ բարություն և ես դարձա ավելի լավը, շոկոլադիս չափաբաժինը կիսեցի քեզ հետ և դարձա ամենաերջանիկը...



Դու մեր մանկության ամենալավ հերոսն էիր ու քո ժամանակը մեզ նվիրած ու մեզնով լցրած ամենգթասիրտը։

- Պապիկ, էս աղջիկը թող քեզ մոտ մնա, պապիկն էլ՝ ինձ մոտ։
- Հաա, Էս դու ե՞ս...

Դու մնացիր իմ գտնված երազը, երազները կարճատև են ու հաճախ դժվար է հիշել, բայց ես քեզ հիշում եմ ու զգում քո ներկայությունը...

- Պապի՜կ, գիտե՞ս էսօր հարյուր եմ ստացել։

- Յա, ազիզ, մալադեց։


Ինքը միշտ սպասում էր ինձ, սպասում էր գնահատականներիս, թե երբ եմ դասերս վերջացնելու, թե երբ է ինքը մեզ համար սուրճ պատրաստելու ու մեկ-մեկ էլ նեղանալու, որ մերժում ենք։ Սպասում էր եղբորս, մորաքրոջս, քեռուս, որ պետք է վերջապես հասնեն տուն ու ինքը տան շեմից դիմավորեր, որովհետև դա էինք հիշելու ու երանի տալու...


Այսօր պապիկս դարձավ 82 տարեկան։ Ինքը միշտ փոքր երեխայի նման երազանք էր պահում ու փչում մոմերը, իսկ այսօր ես պիտի փչեմ իր փոխարեն, կփորձեմ պահել ամենանվիրական երազանքը և մտապահել իր օրհնությունը, որպեսզի նրա ձայնի ելևէջներին հետևելով շարունակենք հաջողությունների հասնել և կրկին երջանկություն պարգևել։


Պապիկս տխրեց, երբ իմացավ, որ երկրից դուրս պիտի սովորեմ. ես դեռ այստեղ եմ. նա անմիջապես հավաքեց մտքերն ու ամփոփեց իր մեջ, որ դա ինձ համար լավ հնարավորություն է ու ժպտաց։ Չգիտեմ՝ լիարժեք հարմարվեց, թե չէ, համենայն դեպս հուզմունք չարտահատեց...

Աննա Զուրաբյան
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website