Բացահայտելով երիտասարդ արվեստագետներին

«Համեստությունը չի կարող խոչընդոտել նպատակների իրագործմանը»


Անի Սարգսյան

«Վաղ տարիքից արվեստով եմ շրջապատված եղել, հայրս տարբեր քանդակներ էր անում և ես ուշադրություն էի դարձնում, թե նա ինչպես էր կերտում դրանք և ինչպիսի մելիզմներ էր օգտագործում քանդակելիս: Այդպես հետաքրքրությունս մեծացավ արվեստի նկատմամբ և փորձեցի ինձ գտնել նկարչության ոլորտում, որը նույնպես սիրում է նվիրում և ուշադրություն: Նկարչական կրթություն ստացել եմ, անշուտ, հաճախել եմ Վանաձորի արվեստի ակադեմիա, որը ղեկավարում էր Արամ Կաչյանը: Հետագայում ավելի ազատ, ստեղծագործական և կարելի է ասել լուրջ գործեր նկարել եմ UWC Դիլիջանի միջազգային դպրոցում»:


«Շատ եմ ոգեշնչվում իմպրեսիոնիզմով, կարծում եմ արդեն այդպիսի նկարներ ստեղծելու ժամանակն է: Ինչ վերաբերում է իմ նկարելու ոճին՝ դեռ փնտրտուքի մեջ եմ, բավականին երկար ժամանակ է հարկավոր միայն մեկ ուղղության վրա կենտրոնանալու համար»։
- Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի նկարիչը:

- Նկարիչն առաջին հերթին պետք է լինի աշխատասեր, քանի որ արվեստը բավականին ժամանակատար է եւ մեծ համբերություն է պահանջում։ Երբ շատ ես նկարում, շատ ես փորձարկում, նոր գաղափարներ են ծնվում, մի գաղափարից մյուսն է ծնվում։ Լավ նկարիչ լինելու համար պետք է զբաղվել ինքնազարգացմամբ և անդադար ստեղծագործել:
- Մեր հասարակության մեջ ընդունված է, որ համեստ մարդիկ ավելի դժվար են առաջ գնում: Այս ոլորտում համեստությունը օգնում է, թե՞ խանգարում:

- Համեստությունն օգնում է և տանում ձգտման, առաջխաղացման: Համեստությունը չի կարող խոչընդոտել նպատակների իրագործմանը, այն բնական ու գեղեցիկ է, երբ դա ուղղակի հենց քո տեսակն է եւ դրա համար հատուկ ջանքեր պետք էլ չեն։
«Նկարչություն և կավագործություն, ինչքան էլ որ տարբեր լինեն, ես փորձում եմ նրանց համադրել: Կավագործությունը ինձ շատ է հանգստացնում, իսկ նկարչությունը՝ արվեստագետի անդադար բացահայտումն է: Կավով սկսեցի զբաղվել քոլեջում և իմ վերջին ծրագրի ժամանակ ներկայացրեցի այս բաժակները, որոնք պատրաստել եմ հայկական սուրճի բաժակների մոտիվով»: 
- «Նկարչությունը ձևավորում է տրամադրություն և տրամադրությունը՝ նկարչություն»: Ինչու՞ են այս երկուսը գրեթե միշտ փոխկապակցվում:

- Արվեստի գործեր պատրաստելիս սովորաբար արվեստագետները փորձում են իրենց տրամադրությունն արտահայտել նկարների, քանդակների կամ այլ արվեստի գործերի մեջ:
Արվեստը պարունակում է էմոցիա, ինչն էլ արտահայտվում է արվեստի գործերում, չնայած գույնի, թեմայի ու ոճի տարբերությանը։ Բազմազան տարրերի օգտագործմամբ նկարիչը ստեղծում է որոշակի մթնոլորտ, որը դիտողին ստիպում է հուզական արձագանք ունենալ` ուրախ, տխուր կամ ոգևորող:
- «Առանց նկարչության չկա ազգ, մշակույթ, հասարակություն և քաղաքականություն»: Որքանո՞վ է քաղաքականությունը կապված նկարչության հետ:

- Արվեստը շատ է կապված քաղաքականության հետ, արվեստի միջոցով կարողանում ենք բոլոր անարդարությունները արտահայտել, վեր հանել: Ժամանակակից արվեստում շատ ենք հանդիպում արվեստագետների, որոնք նկարների միջոցով տարածում են իրենց հասարակական կամ քաղաքական գաղափարները:
- Նախկինում հանրությունը նկարչի մասին պատկերացում էր կազմում արվեստանոց, թանգարան այցելելով կամ թերթերում հոդվածներ կարդալով, միչդեռ այսօր կարողանում ենք տեղեկանալ առցանց հարթակում, դիտել նաև արվեստի գործերը: Որքանո՞վ է արդյունավետ առցանց լսարան ունենալը:



- Անշուշտ, թանգարան և նկարչի արվեստանոց այցելելը շատ ազդեցիկ է, որովհետև դու տեսնում ես այդ աշխատանքի մանրամասները, հյուսվածքը, տեսնում ես իրական նկարն իր շնչով, մինչդեռ առցանց տարբերակով չես կարող պատկերացնել նկարի ողջ էությունը, և այն գուցե այդքան տպավորիչ չլինի:

Մեկ այլ տեսանկյունից կարծում եմ, որ առցանց տարբերակը հնարավորություն է ստեղծում նկարիչների հետ հանդիպելու, որովհետև ոչ բոլորը հնարավորություն ունեն գնալ արվեստանոց և տեսնել գործերը: Առցանց տարբերակով արվեստի գործերն ավելի մեծ տարածում են գտնում:
- Ինչպիսի՞ նախադրյալներ են հարկավոր Հայաստանում նկարչությունը զարգացնելու համար:

- Շատ եմ կարևորում դպրոցական և նույնիսկ նախադպրոցական հասակից գեղագիտական դաստիարակության սերմանումը երեխաների մեջ: Երեխաները պետք է հնարավորություն ունենան արվեստի միջով անցնելու, այն լիարժեք ընկալելու և իրենցը համարելու համար: Զարգացումը կախված է նաև թանգարաններից, որոնք պետք է ավելի շատ ներգրավեն երիտասարդ արվեստագետներին և հաճախակի ցուցադրություններ կազմակերպեն, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն թե՛ երիտասարդ, և թե՛ արդեն կայացած արվեստագետների մասին: Այսպես մարդիկ կարող են իրենց առօրյան լցնել պատկերասրահներ և թանգարաններ այցելելով: Անհրաժեշտ է մարդկանց մշակութային ճաշակը բարձր պահել:
Նյութը պատրաստեց՝ Աննա Զուրաբյանը:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website